Լրահոս
Հովիկ Աբրահամյանն այցելել է Շիրակի մարզ
2015-11-29 20:30
Նոյեմբերի 29-ին, քարոզարշավի ՀՀԿ շտաբի պետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հանրապետության Շիրակի մարզ:

Այցի շրջանակներում, Հ. Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ մարզային ակտիվի, շտաբների պատասխանատուների հետ, ծանոթացել քարոզարշավի կազմակերպչական աշխատանքների ընթացքին:
Հանդիպում Արարատի մարզում
2015-11-28 14:00
Նոյեմբերի 28-ին, ՀՀԿ փոխնախագահ, քարոզչական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ, որտեղ մի շարք համայնքներում հանդիպումներ է ունեցել ինչպես ՀՀԿ մարզային ակտիվի, այնպես էլ համայնքի բնակիչների հետ:
Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ «սահմանադրական փոփոխությունները մեր երկրին արագ զարգացում կապահովեն ու դա բխում է Հայաստանի քաղաքացիների շահերից»:
Պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցադրմանը, թե ընդդիմությունը կասկածանքով է վերաբերում 100%-ոց համամասնական համակարգի անցմանը, Հ. Աբրահամյանը նշեց, որ այդ փոփոխությունը տարիներ շարունակ եղել է ընդդիմության պահանջը, նրանցից շատերի նախընտրական ծրագրերում ամրագրված է այդ դրույթը, իսկ իշխանությունները փոփոխությունների փաստաթղթում հաշվի են առել ընդդիմության մոտեցումները:
Հանդիպում Վայոց Ձորի կուսակցական ակտիվի հետ
2015-11-27 19:30
Նոյեմբերի 27-ին, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ:

Հանդիպումների ընթացքում, ՀՀԿ քարոզչական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել մարզում Հանրաքվեի նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ժամանակ, ՀՀԿ քարոզչական շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ իր մոտեցումները, մասնավորապես ընդգծելով կառավարման համակարգի փոփոխության կարևորությունը:

«Գրեթե բոլոր եվրոպական երկրները գնացել են այս փոփոխությունների ճանապարհով, ես համոզված եմ, որ այն ճիշտ ճանապարհ է նաև Հայաստանի համար»,- նշել է Ա. Երիցյանը:

Մարզի կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ, Հ. Աբրահամյանը նշել է, որ կարևորում է թիմային աշխատանքի իրականացումը՝ հորդորելով ընտրական գործընթացներում հատուկ ուշադրություն դարձնել ընտրախախտումների բացառմանը:

Այցի շրջանակներում, Հ. Աբրահամյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցադրումներին:
Այցելություն Կոտայքի մարզ
2015-11-26 19:30
Նոյեմբերի 26-ին, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ:

Այցի շրջանակներում շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել մարզում Հանրաքվեի նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Հ. Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել մարզի կուսակցական ակտիվի, խոսել հանդիպման եկած քաղաքացիների հետ:

Քաղաքացիների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին փոփոխությունների նախագծին մասնավորապես նշել է. «Մեր ընդդիմախոսները հաճախ խոսում են այն մասին, որ փոփոխությունների բուն նպատակը իշխանությունների վերարտադրությունն է, ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ներկայումս գործող համակարգի պայմաններում իշխանությունների վերարտադրությունն առավել հեշտ է»:

Հ. Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրական փոփոխությունների իրականացումն այս փուլում անհրաժեշտություն է:

Այցի շրջանակներում, Հ. Աբրահամյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցադրումներին:
Լոռու մարզի երիտասարդները ծանոթացան Սահմանադրության փոփոխություններին
2015-11-23 11:50
Նոյեմբերի 20-22-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականների համար Ծաղկաձորում անցկացվեցին դասընթացներ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:

Ծրագրին մասնակցում էին Լոռու մարզից շուրջ 100 նոր անդամագրված երիտասարդներ:
Եռօրյա դասընթացները մեկնարկեցին ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի ողջույնի խոսքով, ով նորանդամ երիտասարդներին մաղթեց ակտիվ և հաջողություններով լի գործունեություն կուսակցության շրջանակներում:

Մարզային խորհրդի ղեկավարի ողջույնից հետո ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ ղեկավար Արման Սարգսյանը երիտասարդներին ներկայացրեց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը, կատարված աշխատանքները և նորանդամ երիտասարդների հետ համատեղ աշխատանքների վերաբերյալ ակնկալիքները:

Հաջորդիվ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երիտասարդներին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, դրա անհրաժեշտությունը,պարզաբանումներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև շահարկումներն իրենց բացատրություններով, այնուհետև պատասխանեց նախագծի վերաբերյալ երիտասարդներին հուզող հարցերին, իսկ ՀՀԿ ԵԿ Տեղեկատվական հանձնաժողովի անդամ Ռուբեն Խաչատրյանն էլ ներկայացրեց Տեղեկատվական հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես` սոցիալական կայքերում տարվող աշխատանքները:

Դասընթացներն ուղեկցվեցին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ինտելեկտուալ խաղերով:
Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության նախագծի փոփոխությունները
2015-11-17 13:00
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների , ասոցիացիայի նախագահ Ջ. Հասրաթյանի, ինչպես նաև ՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման առիթը` Համալսարանական կանանց ասոցիացիայի 20-ամյա հոբելյանին ընդառաջ կատարած գործունեության ամփոփումն էր:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահը` Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց կազմակերպության 20-ամյա անցած ուղին, կատարած աշխատանքները, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի և համագործակցության համար, ինչպես նաև՝ Հ. Նաղդալյանին հանձնեց ասոցիացիայի համաժողովի առաջարկները՝ ուղղված Հայաստանում հասարակական և քաղաքական կյանքում որոշումների ընդունման մակարդակում կանանց մասնակցության ընդլայնմանը:

Շնորհավորելով ներկաներին՝ Հերմինե Նաղդալյանը ընդգծեց այն լրջագույն ներդրումը և բացառիկ դերակատարությունը , որն ունեցել է Համալսարանական կանանց ասոցիացիան մեր հանրային կյանքում՝ շեշտադրելով կազմակերպության կառույցների և առանձին անդամների կատարած կարևոր և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անցկացնել հանդիպում՝ նվիրված Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյակին:
Հանդիպման ժամանակ Հ. Նաղդալյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության նախագծի փոփոխությունները, որի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում:
ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ անդամները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին
2015-10-31 17:00
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում անցկացվեց սեմինար-քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության(ՏԿ) բոլոր շրջանային կազմակերպությունների(ՇԿ) ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀԿ Շիրակի ՏԿ երիտասարդական խորհրդի անդամներն ու որոշ շարքային կուսակցականներ:

Ծրագրի նպատակն էր ՀՀԿ Շիրակի ՏԿ կազմում գործող ՇԿ երիտասարդական խորհուրդների անդամներին և նախագահներին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, պարզաբանումներն ու մեկնաբանությունները: Սեմինար-քննարկումը մեկնարկեց ՀՀԿ Շիրակի ՏԿ ԵԽ նախագահի տեղակալ Սամվել Բադեյանի բացման խոսքով, ով ներկայացրեց ծրագրի օրակարգն ու քննարկվելիք թեման: Այնուհետև ծրագրի նպատակի և թեմայի արդիականության մասին խոսեց ՀՀԿ Շիրակի ՏԿ ԵԽ գաղափարաքարոզչական և իրավական հանձնախմբի ղեկավար Ռուբիկ Սարգսյանը, որին հետևեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանավեճն ու քննարկումը:

Հաջորդիվ Սահմանադրության վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց ՀՀԿ Շիրակի ՏԿ ԵԽ նախագահ Արտակ Առաքելյանը` լիարժեք մեկնաբանություններով պատասխանելով երիտասարդների հարցերին:
Գալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծին առնչվող հարցեր
2015-10-25 10:00
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ: Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին ցուցաբերած մասնագիտական մեծ աջակցության համար: Խոսելով Սահմանադրության փոփոխությունների սպասվող հանրաքվեի մասին՝ ԱԺ նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են հանրաքվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: «Ես վստահ եմ, որ հանրաքվեն դրական ելք է արձանագրելու, քանի որ արդեն սկսված «ոչ»-ի քարոզարշավում նախագծի բովանդակային մասով որեւէ իրական քննադատություն նկատելի չէ»,-նշել է Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանի ղեկավարը Ջանի Բուկիկիոյին տեղեկացրել է նաեւ, որ Սահմանադրության փոփոխություններից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխելու շուրջ երեք հարյուր օրենք, որոնցից առանցքային են Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը: «Մենք ակնկալում ենք Վենետիկի հանձնաժողովի գործուն աջակցությունը նաեւ այս հիմնական օրենքների նախագծերի կազմման աշխատանքներում»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Վենետիկի հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է, որ իշխող քաղաքական ուժն արդեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, որի ընթացքում առաջարկվող նախագիծը հոդված առ հոդված կիրազեկվի հանրությանը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն մեկ անգամ եւս փաստել է, որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին:

«Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից հասանելին հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հարցն էր, քանի որ նիստի բոլոր մասնակիցները համոզված են, որ մենք լավ արդյունք ենք ստացել»,-նշել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը: Նա վստահեցրել է, որ հանձնաժողովը պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը օրենսդրական հետագա աշխատանքներին, մասնավորապես Ընտրական եւ Դատական օրենսգրքերի, տեղական ինքնակառավարմանն ու կուսակցություններին վերաբերող օրենքների նախագծերի մշակման գործընթացներին:

Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանն էլ Գալուստ Սահակյանին իրազեկել է, որ նշված նախագծերի շուրջ աշխատանքներն իրականացվելու են նույն սկզբունքով, ինչպես Սահմանադրության փոփոխությունների նախագծի դեպքում էր, այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովն այս դեպքում էլ ունենալու է մասնագիտական մասնակցություն:


Հանդիպման ավարտին Ջանի Բուկիկիոն նշել է. «Համոզված եմ, որ հայ ժողովուրդը խոհեմ կգտնվի եւ առաջարկվող նախագծին կողմ կքվեարկի»:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի նիստը
2015-10-24 15:00
Այսօր` Հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ քարոզչական շտաբի պետ` Հովիկ Աբրահամյանը:

Նիստում քննարկվեցին կազմակերպչական հարցեր, այդ թվում` նշանակվեցին շտաբի պետի տեղակալներ, ոլորտային համակարգողներ և այլ պատասխանատուներ:

Նիստում նախանշվեց ՀՀԿ քարեզչական շտաբի և ՀՀ տարածքում կազմակերպվելիք ՀՀԿ քարոզչական շտաբերի հետագա անելիքները:
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՅՈԶԵՖ ԶԻԳԵԼԵԻՆ
2015-10-23 18:30
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեին, ով Հայաստան է ժամանել «Մարդու իրավունքները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանում մեծապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ոլորտներում շարունակական բարեփոխումները: Այդ ոլորտներում, ըստ Նախագահի, մեր երկրում արձանագրվել է որոշակի առաջընթաց, ինչը նաև Հայաստանի միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ եվրոպական գործընկերների աջակցության ու նրանց հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ է:

Նախագահը ողջունել է Երևանում անցկացվող խորհրդաժողովը, որը նրա համոզմամբ, լայն հնարավորություն է ընձեռում անկաշկանդ մթնոլորտում ազատ քննարկումներ ծավալել և մասնագիտական կարծիքներ փոխանակել: Իսկ արդյունքում ներկայացված փորձագիտական առաջարկները, ըստ նրա, կարևոր ուղեցույց են դառնում ոլորտի հետագա կատարելագործման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին: Յոզեֆ Զիգելեն ներկայացնելով իր տպավորությունները ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ, նշել է, որ այն բարեփոխմանն ուղղված շատ լավ քայլ է առաջ և լավ ճանապարհ՝ Հայաստանի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ և հետևողական է բարեփոխումների իրականացման գործում՝ համարելով դա երկրի զարգացման միակ և ճիշտ ճանապարհը: Նախագահը նշել է, որ այդ գաղափարը դրված է նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմքում:

Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գլխավորած կառույցի արդյունավետ համագործակցությունը նաև Լեռնային Ղարաբաղի հետ՝ գոհունակությամբ խոսելով այդ ոլորտում Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքների մասին:
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում
2015-10-23 14:15
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին:

«Վենետիկի հանձնաժողովի մեծարգո նախագահ պարոն Ջանի Բուկիկիո,
հանձնաժողովի հարգարժան անդամներ,
տիկնայք եւ պարոնայք,
ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այստեղ, քանզի Վենետիկի հանձնաժողովն այն կառույցն է, որը կանգնած է Հայաստանի Հանրապետությունում իրավական ու ժողովրդավարական բարեփոխումների ակունքներում, որի անդամները հայաստանցի մասնագետների հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայել մեր երկրում իրավական ու ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում, որի կարծիքը չափորոշիչ է դարձել ինչպես իրավաբանների, այնպես էլ քաղաքական գործիչների համար:

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացը, որի սկիզբը դրվեց 2013 թվականին, ձեր իսկ աջակցությամբ ու մասնակցությամբ, հասնում է տրամաբանական ավարտին. այս տարվա դեկտեմբերի 6-ին մեր երկրում անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե:

Սահմանադրության առաջարկող փոփոխությունները հերթական քայլն են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության հաստատման եւ իրավական պետության կառուցման շարունակվող գործընթացում: Վստահեցնում եմ, որ դրանց իրագործումը գրեթե անհնար կլիներ առանց Վենետիկի հանձնաժողովի ակտիվ մասնակցության:
1995 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը «իշխանակենտրոն» էր՝ «անձնակենտրոն» իշխանական համակարգով: Այդ Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ Հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով:

2005 թ. կատարված սահմանադրական բարեփոխումները, կարեւոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման եւ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան ամբողջովին լուծել ,մարդակենտրոնե Սահմանադրություն եւ հավասարակշռված կառավարման համակարգ ստեղծելու խնդիրները:
Ուստի ներկայումս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակելիս համակողմանի ուսումնասիրվել է սահմանադրական զարգացումների համաշխարհային փորձը: Առավելագույնս հաղթահարվել են ներսահմանադրական բացերն ու անհստակությունները, երաշխավորվել է Սահմանադրության ինքնաբավությունը, դինամիկ, էվոլյուցիոն զարգացումը` սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման ու սահմանադրականության ամրապնդման համար:
Նախագիծն առաջարկում է անփոփոխելի հոդվածների շարքում ավելացնել նաեւ 3-րդ հոդվածը, որը որպես սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկում մարդուն եւ նրա արժանապատվությունը:
Նախագիծը շեշտում է ընտանիքի՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը՝ առաջին անգամ այն ներառելով սահմանադրական կարգի հիմունքներում:

2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխում իրականացվեցին զգալի բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ, որոնք հիմնական իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սահմանադրաիրավական հիմք են: Միաժամանակ, հիմնական իրավունքների բնագավառում 2005թ. սահմանադրական փոփոխություններն իրականացվեցին իրավունքների ու ազատությունների չտարբերակված ամրագրման տրամաբանության շրջանակներում, որի հետեւանքով սկզբունքային լուծումներ չտրվեցին իրավունքների անմիջական գործողության երաշխավորման հիմնախնդրին, քանի որ հստակ չտարանջատվեցին ու չամրագրվեցին անմիջականորեն գործող իրավունքները, ինչպես նաեւ դրանց պաշտպանության առանձնահատկությունները: Ասվածը հատկապես վերաբերում է դասական հիմնական իրավունքների եւ սոցիալական իրավունքների սահմանազատմանը:

Այս բաժնում կցանկանայի առանձնացնել նաեւ ինքնաբուխ հավաքների իրավունքը, որը սահմանվել է որպես սուբյեկտիվ իրավունք, եւ սահմանադրական մակարդակում համաչափության սկզբունքի ամրագրումը:
Առաջարկվող նախագծում արմատական վերանայման է ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրը: Դա վերաբերում է ինչպես հիմնական իրավունքների սահմանափակման հիմնական ձեւի՝ օրենքի վերապահման ամրագրմանը, այնպես էլ սահմանափակումների հիմքերին:

Հատուկ կարեւորություն ունի նաեւ սահմանափակումներին ներկայացվող պահանջների հստակեցումը:
Կցանկանայի հատուկ անդրադառնալ կառավարման ձեւի փոփոխություններին: Այս փոփոխությունները, հաշվի առնելով դրանց քաղաքական բնույթը, քաղաքական շրջանակներում ամենաքննարկվածն են: Գործող՝ կիսանախագահական համակարգի բացերին ու թերություններին բազմաթիվ գիտական ատենախոսություններ ու աշխատություններ են նվիրված: Ազգային ժողովում Հանրապետության նախագահի քաղաքական թիմի բացարձակ մեծամասնության առկայության եւ ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը: Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ գործադիր իշխանության կողմից:

Հանրապետության նախագահի գործառույթների ու լիազորությունների միջեւ ապահովված չէ անհրաժեշտ համամասնականություն, առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ:
Նախագծի 4-6-րդ գլուխները նախատեսում են ժամանակակից խորհրդարանական համակարգ, որը հստակորեն իրականացնում է Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ իշխանությունների գործառութային բաժանումը, իսկ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
Առաջարկվող փոփոխություններով առաջին անգամ սահմանվում է նաեւ Ազգային ժողովի ընտրության 100 տոկոսանոց համամասնական համակարգ:

Քանի որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության միջեւ է, նախագիծը խորհրդարանական փոքրամասնությանը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ՝ մասնակցություն ունենալ պետական իշխանության տարբեր մարմինների ձեւավորմանը, ստեղծել քննիչ հանձնաժողովներ, զբաղեցնել ղեկավար պաշտոններ Ազգային ժողովում եւ այլն:

Նախագծում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ներդնել դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր, բարձրացնել դատական իշխանության ինքնուրույնությունը եւ ինքնակառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ հստակեցնել Սահմանադրական դատարանի կարգավիճակի եւ գործառույթների հետ կապված խնդիրները:

Վերը թվարկվածները կատարված փոփոխությունների ընդամենը մի փոքր մասն են:

Մենք ուրախության ու հպարտության զգացում ենք ապրում, քանի որ առաջարկվող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքներում արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի, համապատասխանող համարվել ժամանակակից եվրոպական չափորոշիչներին:

Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են դեկտեմբերի 6-ին նշանակված՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը կունենանք նաեւ Սահմանադրության փոփոխություններից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հարցում:

Եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի լավ բարեկամ պարոն Ջանի Բուկիկիոյին, աշխատանքային խմբին եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր անդամներին»:
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագծին այս անգամ ծանոթացան ՀՊՏՀ ուսանողները
2015-10-14 14:25
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվով ժամանակավոր հանձնաժողովի կողմից:

Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումների ընդհանուր դրույթները, քննարկվեցին հատկապես տնտեսական ոլորտին վերաբերող բարեփոխումները, խոսվեց իրականացվելիք բարեփոխումների առավելությունների մասին:

Դասընթացի հիմնական հատվածին հաջորդեցին ուսանողների հարցերը` ուղղված մասնագետին, որոնք ստացան համապատասխան սպառիչ պատասխաններ:

ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը երկրի համար նշանակալի դեր ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հավելեց, որ դասընթացի մասնակիցները` արդեն իսկ իրազեկ լինելով սահմանադրական բարեփոխումների փաթեթին, այս նախաձեռնության շնորհիվ ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հարստացրին թեմայի շուրջ գիտելիքները:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին
2015-10-08 10:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. Հոկտեմբերի 8
Երևան
ՆՀ- 754 -Ն
  • Ամո Շարոյան
    «Միդիա Շանգալ» եզդիական միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ
    «Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Ազգային ժողովում տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնություններին։ Սահմանադրական մակարդակով վերոհիշյալ նորմի ամրագրումը ապացուցում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները հարգվում և պաշտպանվում են մեր պետության կողմից»
  • Մաթիաս Քիսլերը
    ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան
    «Կարծում եմ, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթում հիմնական իրավունքների փաթեթը շատացվել է, լրացվել է: Այնտեղ նաև հավելյալ իրավունքներ են տրվում ընդդիմության ներկայացուցիչներին, և ես կարծում եմ, որ սա այս բարեփոխումների դրական ասպեկտն է»
  • Բրյունո լը Ռու
    Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ
    «Իմ համոզմամբ, ցանկացած կառուցակարգային փոփոխություն, որ միտված է կառավարման լավագույն տարբերակին և արժանանում է երկրի քաղաքացիների հավանությանը, միայն ողջունելի է, և եթե պետությունը ինչ-որ ժամանակ գնում է կառավարման համակարգի բարելավման, դա վկայում է պետության քաղաքական հասունության մասին»
  • Ջիանի Բուքիքիո
    Վենետիկի հանձնաժողովի նախագահ
    «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին»
  • Գունար Վիգանդ
    Եվրոպական արտաքին գործունեության ծառայության ԵԱՀԿ հարցերով տնօրեն
    «Մենք համոզված ենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացվելու է ժողովրդավարական սկզբունքներով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն և իհարկե միջազգային ստանդարտներին համապատասխան»
  • Յոզեֆ Զիգելե
    Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար
    «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը բարեփոխման ուղղված շատ լավ քայլ է առաջ և լավ ճանապարհ՝ Հայաստանի համար»
  • Ստեֆան Շեննախ
    ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար
    «Հանձնաժողովը ողջունում է Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում՝ ընդգծելով, որ բարեփոխումների վերջնական տեքստը բարձր որակի է և միջազգային ստանդարտներին համապատասխան»
  • Վարդան Պողոսյան
    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում Եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ղեկավար Հայաստանում
    «Համակարգային փոփոխությունների շարունակությամբ գերնախագահական Սահմանդրությունից անցում է կատարվում ավելի հավասարակշռված համակարգի, այն է՝ խորհրդարանական համակարգի»




Հանրային իրազեկման ծրագիրը իրականացվում է Հայաստանի մի շարք բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների նախաձեռնությամբ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձ-րացնելու նպատակով: